04 Հուլիս 2013, 13:55
134 |

Մեր ժամանակները

Մասնագիտությամբ բժիշկ Արամ Սարգսյանին մարդիկ ճանաչում են որպես հաղորդավար, երգիչ և հումորիստ Արամ Mp3: Մասնագիտությամբ բժիշկ Արամը խիտ գրաֆիկի պատճառով չի հասցնում հաճախ զբոսնել քաղաքում, բայց դա չի խանգարում նրան ճանաչել Երևանի «ամեն բորդյուրը»: Քաղաքը չափազանց սիրող հումորիստը դողում է Երևանի վրա ու փորձում է անել ամեն ինչ, որ «ստեղից չգնա»:

Առաջին հիվանդանոցում եմ ծնվել, գիշերվա ժամը մեկի կողմերը: Ընտանիքիս առաջնեկն եմ` սպասված տղան, բայց ինքս էդ օրվանից ոչ մի հետաքրքիր բան չեմ հիշում:

Մինչև վեց տարեկան Կայարանում ենք ապրել, էնտեղ եմ մանկապարտեզ գնացել: Երկրաշարժի օրը մանկապարտեզում էի, դայակը գոռաց` «երկրաշա՜րժ, երկրաշա՜րժ»: Մենք ոչ մի բան չզգացինք, չհասկացանք ինչ է կատարվում ու բացականչեցինք` «Ուռաաա՜»:

Մանկությունս Չերյոմուշկայում է անցել. Հրազդանի կիրճ, փոքր մոստ, չաշկեք-չռիկներ, բիձու գյոլ` այստեղ եմ մեծացել: Թումանյանի այգում մեծ ինքնաթիռ էին տեղադրել, որը ռեստորանի էր վերածվել: Հետո ինքնաթիռը վառվեց, մենք էլ պատուհանից արցունքներով հետևում էինք կրակին:

Մեր բակի մոտ մետրոյի կայարանի շինարարություն էր գնում: Էդ կողմերում «պլեն-պլեն», պահմտոցի էինք խաղում, քեֆ էինք անում, կերոսին, նավթ, բենզին էինք գողանում ու մեր բակի մանղալում կրակ անում: 90-ականներին շինարարությունը դադարեցրին: Մինչև անցյալ տարի էդ կիսաքանդ կայանը կար: Մի օր տեսա, որ շինարարությունը ասֆալտեցին: Իհարկե, լավ արեցին, որովհետև անիմաստ տարածք էր, բայց էդ պահին կարծես մանկությունս ասֆալտեին:

Հինգերորդ դասարանից երգչախմբում էի երգում ու օպերայի ակադեմիական դահլիճի բեմը ինձ համար արդեն սովորական էր դարձել: Իմունիտետ էի ձեռք բերել ու հանդիսատեսի առջև ելույթ ունենալու վախ չունեի: Դրանից հետո Սունդուկյանի անվան թատրոնի բեմը ինձ համար արդեն փոքր էր:

Հաճախել եմ նկարչության, փորագրության, կավագործության, կարատեի: Հինգ տարեկան էի, մերոնք որոշեցին, որ թեթև ատլետիկայով պիտի զբաղվեմ: Թմբլիկ երեխա էի, մարզիչը ասաց` «Տուռնիկից փորձի կախվել»: Ես միայն հիշում եմ, որ բարձրացա տուռնիկի վրա, իջա, ու մարզիչը ասաց` «Էլ չբերեք ձեր երեխային մեզ մոտ»:

Մինչև հինգերորդ դասարան Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցն եմ գնացել, հետո տեղափոխվեցի քոլեջ, բայց հետ վերադարձա ու ավարտեցի Բլոկի դպրոցը: Մենք նավթով ու կերոսինով փեջերի ժամանակի սերունդն էինք` ամպուլաներ էինք գցում փեջի մեջ ու տրաքացնում: Հայրս ատամնաբույժ է, ես էլ տնից մեծ` 120 մլ ամպուլա էի բերել դպրոց: Գցեցինք՝ փեջը ուղղակի օդ թռավ:

Բժշկական համալսարանն եմ ավարտել: Ուսխորհուրդ, ուս-գարուններ, ՈՒՀԱ, բժշկականի ռադիո, գիշերները մնալ, չքնել, երգել` սովետական ուսանողական տարիներ եմ ունեցել:

Սերյոգի հետ համալսարանի ընդունելության համար քիմիա էինք պարապում: Մի օր ասեց` «Ի՞նչ ես անում, արի ուս-գարուն»: Իմ կյանքում ամեն ինչ էդ արտահայտությունից սկսվեց:

ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում տներ էինք վարձում ու էնտեղ սցենարներ գրում` Քանաքեռում, Աղբյուր Սերոբ, Տպագրիչների փողոցի վրա, Պրոսպեկտի շուկայի կողքի շենքում: «32 ատամ ակումբի» հետ տուն էինք վարձում Սարյան, Նալբանդյան փողոցների վրա, հետո տեղափոխվեցինք ռադիոտան շենք, հետո` հանրային հեռուստաընկերություն: Հիմա «Վիտամին» ակումբում ենք` Թումանյանի վրա, չգիտեմ հետո ուր կգնանք:

Կնոջս` Աննային, առաջին անգամ հենց իրենց տանն եմ տեսել՝ Այգեստանում: Մեր ընդհանուր ընկերուհու միջոցով ենք ծանոթացել, որը Գերմանիայում էր ապրում ու Երևան էր եկել: Ի դեպ, երեքիս ծնողներն էլ համադասարանցիներ են եղել, բայց կնոջս չեմ ճանաչել: Մեր ընդհանուր ընկերուհին վերադարձավ Գերմանիա, իսկ մենք շարունակեցինք շփումը: Մինչև էսօր:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով